Անկարան հրաժարվել է իսրայելական իշխանությունների առաջարկած օգնությունից՝ Թուրքիայի հարավ-արեւելքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: «Ես ապշած եմ, որ Թուրքիային պետք չէ մեր օգնությունը»,- ասել է նախարարը:
Թուրքական կողմի պաշտոնական արձագանքն առայժմ չի ստացվել:
Իսրայելական իշխանությունները օգնության պատրաստակամություն էին հայտնել տեղի ունեցածից անմիջապես անց:
Նշենք, որ թուրք սեյսմոլոգները ճշգրտել են Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մագնիտուդը, Բոսֆորի համալսարանի սեյսմիկ դիտարանի տվյալներով՝ երկրաշարժն ունեցել է 7,2 մագնիտուդ ուժգնություն: Ավելի վաղ թուրքերը հայտնում էին 6,6 մագնիտուդի մասին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին), էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, մագնիտուդը կազմել է 7,6:
Վերջին տվյալներով, հաստատված զոհերի թիվը 80-ից ավելի է: 50-ից ավելի մարդու դի տեղափոխել են Էրջիշ գավառի հիվանդանոց: 200-ից ավելի մարդ տուժել է, ավիրվել են բնակելի շենքեր:
Ստորգետնյա ցնցումը զգացվել է Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում:



























