«Ռոսպոտրեբնադզորը» քննարկում է մերձդնեստրյան «ԿՎԻՆՏ» կոնյակը ռուսական շուկայում արգելելու հարցը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մոլդովայի գինեգործների գիլդիայի նախագահ Նելլի Սոնիկը նշեց, որ եթե, նույնիսկ, արգելվի մերձդնեստրյան կոնյակը Ռուսաստանում` դա կլինի ժամանակավոր: «Մարդիկ հասկանում են, որ ամենահեշտը որեւէ մեկին մեղադրելն է: Չեմ կարող ասել կոնյակի որակի մասին, սակայն նման գործողությունները միշտ չէ որ կարելի է կապել որակի հետ», – նկատեց Սոնիկը:
2006-ին հայկական գինին չկարողացավ զբաղեցնել արգելքի տակ հայտնված մոլդովական եւ վրացական գինիների ռուսական շուկան: Մերձդնեստրյան կոնյակն արգելելու դեպքում հայկական կոնյակը պետք է, որ ավելի նպաստավոր դիրքեր ստանա Ռուսաստանում: Թեեւ Ալկոհոլի դաշնային եւ ռեգիոնալ շուկաների հետազոտման ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական կոնյակն ավելի բարձր գնային սեգմենտում է գտնվում, քան մոլդովականը, եւ այդ պատճառով դրանց սպառողների շրջանակը տարբեր է:
Նման կարծիք հայտնեց նաեւ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Ռուսաստանյան շուկայում, պատմականորեն, հայկական եւ մոլդովական կոնյակների սպառողների շրջանակը խիստ տարբերվում է: Հայկական կոնյակը զբաղեցնում է ռուսական շուկայի մոտ 40 տոկոսը, մոլդովականը` 20 տոկոսը», – նշեց Ավագ Հարությունյանը:
WTO TRIPS համաձայնագիրն արգելում է աշխարհագրական տեղանուններն օգտագործել այլ վայրերում արտադրած գինու եւ կոնյակի համար, սակայն հայկական կոնյակի դեպքում այդ արգելքը չի գործում, քանի որ 1994-ին ուժի մեջ մըած TRIPS համաձայնագիրը վերապահում է նախատեսում դրանից տասը տարի կամ ավելի վաղ խմիչքի տեսակի համար օգտագործած անվանումը` տվյալ դեպքում հայկական կոնյակը:
Սակայն հայկական կոնյակն անվանման պատճառով հնարավոր չէ արտահանել Եվրամիության երկրներ:
«Այդ պատճառով հայկական կոնյակն ապրում է միայն Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի շուկաներում: Հենց Ռուսաստանը դառնա ԱՀԿ-ի անդամ, իսկ Ուկրաինան ազատ առեւտրի պայմանագիր կնքի Եվրամիության հետ` հայկական կոնյակի ապագան այդ շուկաներում կդառնա անկայուն: Այլ անվանումով արտահանած հայկական կոնյակի սպառումը կնվազի: Պետք է հասկանալ, որ «Հայկական կոնյակ» անվանումը ժամանակավոր է եւ անհրաժեշտ է այլ տարբերակ գտնել», – նշեց Դրոբիզը:
Հայաստանի կառավարությունը ներմուծվող կոնյակի սպիրտից արտադրվող բրենդին հայկական բրենդիից տարբերելու համար ընդունեց «Արբուն» անվանումը: Մոլդովայում կոնյակն այժմ կովչում է «դիվին»:
Մոլդովայի գինեգործների գիլդիայի նախագահ Նելլի Սոնիկի կարծիքով, «դիվին» անվանումով եւս մոլդովական կոնյակը չի զիջել դիրքերը Ռուսաստանում:
2005-ին` Ռուսաստանում մոլդովական գինու արգելք մտցնելու նախորդ տարում, Մոլդովայի արտահանած ալկոհոլային խմիչքների 75 տոկոսն ուղղվում էր Ռուսաստան: Էմբարգոյից հետո մոլդովական գինու հիմնական շուկաներ դարձան Ուկրաինան ու Ղազախստանը: Զգալիորեն աճեց արտահանումը Լեհաստան, Չեխիան, Սլովակիա, Գերմանիա եւ Շվեդիա: 2010-ին 2009-ի համեմատ 7 անգամ աճել է մոլդովական գինիների արտահանումը Չինաստան: Չինական շուկա մտնելու մասին միայն հիմա են մտածում հայ արտադրողները:
Ավագ Հարությունյանը նշում է, որ ճգնաժամի տարիներին կոնյակի սպառման նվազմանը զուգահեռ կոնյակի հայ արտադրողները ներդրումներ են կատարում գինու արտադրությունում: Հարությունյանի խոսքով, 5-6 տարի հետո ռուսական շուկայում կարող է հայտնել որակապես նոր մակարդակի հայկական գինի:




























