ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կարեւոր է համարում նախկին ԽՍՀՄ երկրների հետ Եվրասիական Միություն ստեղծելու վարչապետի նախաձեռնությունը: Այս մասին բուհի ղեկավարը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի ղեկավարի հանդիպումը Մոսկվայի պետհամալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ կայացել է բուհի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Ռեկտորը ներկայացրել է Հայաստանի նախագահի կենսագրությունը եւ նշել, որ նա իրականացնում է բազմակողմ քաղաքականություն, հայտնում է Մոսկվայում NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Սադովնիչին նշել է ՄՊՀ-ի եւ հայկական բուհերի սերտ համագործակցության մասին, մասնավորապես` ԵՊՀ-ի եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի:
Նա նկատել է, որ ՄՊՀ-ի եւ հայկական բուհերի համագործակցության շրջանակներում 800-ից ավելի հայ ուսանողներ, ասպիրանտներ եւ երիտասարդ գիտնականներ Հայաստանից սովորում են Ռուսաստանի գլխավոր բուհում եւ 300-ից ավելի ուսանողներ, ասպիրանտներ եւ պրոֆեսորներ Ռուսաստանից իրենց փորձն են փոխանակում Հայաստանում:
Սադովնիչին ընդգծել է ԵՊՀ նախկին ռեկտոր, այժմ` Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ունեցած ավանդը հայ-ռուսական գիտական կապերի զարգացման գործում, ինչպես նաեւ հիշեցրել է, որ նախօրեին Կիեւում ավարտվել է ԱՊՀ երկրների մտավորականների ստեղծագործական եւ գիտական 6-րդ համաժողովը:
«Սա Համագործակցության երկրների սերտացման գործնական դաշտ է», - ասել է նա:
ՄՊՀ-ի ռեկտորը հայտնել է, որ ՄՊՀ գիտխորհրդի որոշմամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթական եւ գիտական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար, ի շահ հայ եւ ռուս ժողովուրդների, Սերժ Սարգսյանին շնորհվում է Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:




























