Հայաստանն առանց սփյուռքի այլ Հայաստան է, սփյուռքի հետ` մեկ այլ: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 24-ին, Մոսկվայում ՄՊՀ-ի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ նախագծեր կան երիտասարդական քաղաքականության, արտասահմանի հայ երիտասարդությանը Հայաստանի կյանքին ներգրավելու գործում:
«Չունենալով բավարար բնական ռեսուրսներ, մենք կարծում ենք, որ մեր հիմնական ռեսուրսը մարդն է: Ամբողջ աշխարհում հայերի թիվը կազմում է 10 մլն, Հայաստանում ապրում է նվազագույնը 3 մլն մարդ: Եթե մենք ուզում ենք մրցունակ լինել աշխարհում, ուզում ենք շարունակել մնալ ինքնուրույն պետություն, պետք է օգտագործենք ամբողջ հայության ռեսուրսը եւ, առաջին հերթին, երիտասարդության», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաեւ նշել է, որ սփյուռքի ներկայացուցիչները պետք է լավ քաղաքացիներ լինեն այն երկրի համար, որտեղ ապրում են, բայց դրա հետ մեկտեղ հիշեն, որ Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է, եւ միասին պետք է կառուցենք նոր Հայաստան, ավելի լավը, քան այսօր կա:



























