Հայաստանում առկա է պարարտանյութի արհեստական դեֆիցիտ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` հոկտեմբերի 24-ին, հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ նրա տեղեկությունների` պարարտանյութի բիզնեսով զբաղվող մի քանի ընկերություն դադարեցրել է ներկրումը, իսկ շուկան անցել է «որոշ» պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների ձեռքը:
Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ 1 պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը ամռանն արժեր 7100-7200 դրամ, իսկ ներկայում` 9000-10000 դրամ: Սա այն դեպքում, որ գյուղնախարարության պաշտոնյաները հրապարակավ խոստացել էին, որ ավելացված արժեքի հարկից ազատելուց հետո պարարտանյութը կէժանանա: Սակայն 20 տոկոս գնի անկման փոխարեն առկա է 30 տոկոս գնաճ:
Հ. Բերբերյանն ասաց, որ չի արդարանում սպասելիքները հայկական «Սիս 95» ընկերության կողմից արտադրվող բիոպարարտանյութից: Գյուղերից ստացվում են բազմաթիվ բողքոներ, ուստի ագրարագյուղացիական միությունը այդ պարարտանյութի նմուշներն ուղարկել է փորձաքննության Հոլանդիա: Արդյունքների վերաբերյալ նա խոստացավ տեղեկացնել 1 ամսից:




























