Թուրքիայում, որտեղ հոկտեմբերի 23-ին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, շարունակվում են կրկնվող ստորգետնյա ցնցումները: Վան նահանգի բնակիչների մեծամասնությունը փողոցներում է, մարդիկ խոստովանում են, որ վախենում են տուն մտնել, նույնիսկ եթե իրենց բնականները տարերքից չեն տուժել, հայտնում է Vesti.ru-ն:
Վերջին տվյալներով` երկրաշարժի արդյունքում զոհվել է 300 մարդ: 1000-ից ավելի բնակիչներ են տուժել, մոտ 850 շինություն է ավերվել:
Փրկարարական բազմաթիվ ջոկատները փորձում են առավելագույնս արագ մաքրել փլատակները: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` ի տարբերություն 1999թ. երկրաշարժի (այդ ժամանակ 17.000-ից ավելի մարդ էր զոհվել), այս անգամ հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած ավելի մեծ թվով մարդկանց: Մի քանի փրկարարական ջոկատների հաջողվել է փլատակների տակից հանել 10-15 մարդու: Իսկ հղի կնոջը փրկելու նորությունը տարածվել է երկրով մեկ: Նա գրեթե վնասվածք չի ստացել եւ անցած գիշեր ծննդաբերել է:
Այժմ տեղական իշխանությունները շենքերի ստուգայցեր են կատարում` ստացած վնասները պարզելու համար: Վարչությունը հայտնում է, թե որ տները կարելի է մտնել, իսկ որին չի կարելի նույնիսկ մոտենալ:
Տուժած շրջանները եւս մնացել են առանց հաղորդակցության. չկան թերթեր, էլեկտրականություն, հիմնականում աշխատում են դիզելային գեներատորները: Վանի իշխանությունները եւ մեծ թվով ՀԿ-ներ Վանում մի քանի վրանային քաղաքներ են ստեղծել: Դրանցում տեղակայված են բոլոր եղանակների համար նախատեսված տասնյակ վրաններ, անընդմեջ մատակարարվում է ուտելիք, մանկական սնունդ, տաք ծածկոցներ եւ գոյատեւման համար անհրաժեշտ պարագաներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:




























