Հոկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններին է դիմել մի կին` հայտնելով իր որդու առեւանգման մասին: Այս փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 126 հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» եւ «զ» կետերի համապատասխան (մարդու առեւանգում), տեղեկացնում է «ԲալտԻնֆո»-ն:

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Հայաստանի երեք բնակիչներ` 52-ամյա Վարազդատ Գասպարյանը, 50-ամյա Միսաք Գասպարյանը եւ 23-ամյա Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ Դաղստանի բնակիչ 46-ամյա Աբակար Իբրահիմովը, ով նախկինում քանիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Քրեական գործի նյութերից հետեւում է, որ հոկտեմբերի 21-ի ցերեկը չարագործները եկել են Լիֆլյանդսկայա փողոցի 6-րդ տանը գտնվող «Ֆուդէքսպերտ» ՍՊԸ-ի գրասենյակ, որտեղ, զենքի սպառնալիքի ներքո փախցրել են գլխավոր տնօրենի 24-ամյա օգնականին եւ նրա 28-ամյա ծանոթին: Երկու տուժածներն էլ քաղաքային բուհերից մեկի ուսանողներ են, ասվում են հետաքննության զեկույցում:

Այնուհետեւ կասկածյալները երիտասարդներին նստեցրել են «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենա եւ պահանջել 2,4 մլն ռուբլի` իբրեւ թե «Ֆուդէքսպերտ» ՍՊԸ-ի հետ նախկինում կազմված, բայց չիրագործված պայմանագրի համար: Նույն օրվա ժամը 22.00-ի մոտակայքում Մանեժնայա հրապարակում իրավապահ մարմինները բռնել են հանցագործներին եւ ազատել ուսանողներին:

Այժմ որոշվում է առեւանգողների նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցի եւ ներկայացվելիք մեղադրանքի հարցը: