Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Ցավակցական ուղերձում մասնավորապես նշվել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարերային աղետի հետեւանքները հաղթահարելու համար:

Հիշեցնենք, վերջին տվյալներով` երկրաշարժի արդյունքում զոհվել է 300 մարդ: 1000-ից ավելի բնակիչներ են տուժել, մոտ 850 շինություն է ավերվել:

Փրկարարական բազմաթիվ ջոկատները փորձում են առավելագույնս արագ մաքրել փլատակները: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` ի տարբերություն  1999թ. երկրաշարժի (այդ ժամանակ  17.000-ից ավելի մարդ էր զոհվել), այս անգամ հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած ավելի մեծ թվով մարդկանց: Մի քանի փրկարարական ջոկատների հաջողվել է փլատակների տակից հանել 10-15 մարդու: Իսկ հղի կնոջը փրկելու նորությունը տարածվել է երկրով մեկ: Նա գրեթե վնասվածք չի ստացել եւ անցած գիշեր ծննդաբերել է:

Այժմ տեղական իշխանությունները շենքերի ստուգայցեր են կատարում` ստացած վնասները պարզելու համար: Վարչությունը հայտնում է, թե որ տները կարելի է մտնել, իսկ որին չի կարելի նույնիսկ մոտենալ:

Տուժած շրջանները եւս մնացել են առանց հաղորդակցության. չկան թերթեր,  էլեկտրականություն, հիմնականում աշխատում են դիզելային գեներատորները: Վանի իշխանությունները եւ մեծ թվով ՀԿ-ներ Վանում մի քանի վրանային քաղաքներ են ստեղծել: Դրանցում տեղակայված են բոլոր եղանակների համար նախատեսված տասնյակ վրաններ, անընդմեջ մատակարարվում է ուտելիք, մանկական սնունդ, տաք ծածկոցներ եւ գոյատեւման համար անհրաժեշտ պարագաներ: