Զարմացե՞լ եք, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ նիստերին։ Բայց ո՞վ է ասել, որ չմասնակցելուն պետք է հաջորդի ելքը ՀԱՊԿ-ից կամ այլ կազմակերպություններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 14-ին ասել է կառավաևող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նա նշել է, որ այսօր ընդունվել է նման որոշում, բայց վաղը որոշումը կարող է այլ լինել։ Եղոյանը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները իրենց վերաբերմունքը ՀԱՊԿ գործունեությանը հնչեցրել են։ «Սկսած 2021 թվականից, երբ հարձակում կատարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որին հաջորդեց ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքը մեր դիմումին, մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը այդ կառույցի գործունեության վերաբերյալ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի խնդիրները միայն Հայաստանի խնդիրները չեն։ «Մենք խնդիրները բարձրացրել ենք կառույցի գործունեության հետ կապված։ Բայց գուցե խնդիրներն իրենց լուծումը չգտնեն»,- ավելացրել է պատգամավորը։











