Հարավային ռազմական օկրուգի դատախազությունը Հայաստանում ՌԴ Պաշտպանության նախարարության 102-րդ ռազմակայանի հրամանատարությունից պահանջել է անհապաղ հայրենիք ուղարկել զորացրված ժամկետային զինծառայողներին:

Հոկետեմբերի 25-ին Հարավային ռազմական օկրուգի դատախազության հատուկ ներկայացուցիչ Նատիֆ Գաջիմետովը լրագրողներին հայտնել է, որ ավելի քան 300 ռուսաստանցի ժամկետային զինծառայողներ զորացրվելուց հետո չեն կարողանում Հայաստանից տուն վերադառնալ:

«ՀՌՕ զինդատախազությունը Զինվորների մայրերի կոմիտեի հետ ստուգում է անցկացնում Հայաստանում ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի 317 ժամկետային զինծառայողների զորացրման հրամանի կատարման առնչությամբ», - ասել է Գաջիմետովը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նա հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ զորացրված զինվորներն ու սերժանտները չեն կարողանում լքել ռազմակայանի տարածքը եւ մեկնել հայրենիք տրանսպորտի բացակայության պատճառով:

Դատախազության ներկայացուցիչներն այժմ պարզում են, թե ինչու նրանց համար ժամանակին չի պատվիրվել ինքնաթիռ: