Ադրբեջանը շոշափելի օգուտ չի ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամությունից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, եթե խոսքը գնում է այս կամ այն նախաձեռնությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձարցնելու մասին, ապա Ադրբեջանը դա կարող էր անել նաեւ լինելով ՄԱԿ-ի լիիրավ սովորական անդամ:
«Ավելի վաղ Ադրբեջանն իր ներկայացրած բանաձեւերի համար ձայներ էր ապահովում իր հանդեպ չեզոք բլոկներից, այդ թվում Իսլամական երկրների կոնֆերանսից, իսկ վերջերս էլ նաեւ Չմիացած երկրների շարժումից: Բայց պետք է հիշել նաեւ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների դիրքորոշման մասին, որոնք վետո-ի իրավունք ունեն: Այդ երկրներից երեքը ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան են, որոնք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են: Այդ երկրները Ադրբեջանի ներկայացրած բանաձեւերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արդեն հայտնել են»,- ասել է Բեքարյանը:
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամների շարքում Ադրբեջանի հայտնվելը ազդակ է, որ պետք է բարեփոխել ՄԱԿ-ը:
Բեքարյանի ներկայացմամբ, միջոցը, որով Բաքուն ՄԱԿ-ում աջակցություն ստացավ այլ երկրներից, շատ պարզ է. «Այդ երկրների մեծ մասը սոցիալապես շատ խոցելի են եւ նրանց որոշումների վրա շատ հեշտ է ազդել նյութախան խրախուսման միջոցով: Բնականաբար, այդ միջոցները չեն տրամադրվում Ալիեւի կլանի անձնական միջոցներից: Դրանք տրվում են պետական բյուջեի միջոցներից, հետեւաբար, ի հաշիվ ադրբեջանցի ժողովրդի համար նախատեսված ծախսերի: Ուստի Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը Հայաստանի համար դրական է այն իմաստով, որ այդ երկիրը միջոցներ է ծախսել, որոնք կարող էին ուղղվել երկիրը զինելուն: Այսինքն, որքան ավելի շատ Ադրբեջանը ձգտի տեղեր ստանալ միջազգային կառույցներում, այնքան լավ մեզ համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այսօր կայացած նիստում Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, երկու տարի ժամկետով՝ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից: Քվեարկության անցած փուլերի ընթացքում ՄԱԿ ԱԽ անդամ են ընտրվել նաեւ Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն:
Արեւելյան Եվրոպայից ժամանակավոր անդամի տեղի համար բարդ պայքար էր ընթանում Ադրբեջանի եւ Սլովենիայի միջեւ: Երկրներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ երկու/երրորդը (128 ձայն) ԱԽ-ում ընդգրկվելու համար: Վերջին քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացել է 155 ձայն:
Ադրբեջանը նախկինում երբեք չի եղել Անվտանգության խորհրդի անդամ, իսկ Սլովենիան եղել է 1998-99 թվականներին: Դեկտեմբերի 31-ին Անվտանգության խորհրդում իրենց տեղերը կազատեն Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանն ու Նիգերիան:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից: մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ նահանգները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են:




























