Արաբական նոր վարչակարգերի հայտարարություններում հնչող իսլամիստական նոտաները ստիպում են մտածել նրանց հետագա դիրքորոշման մասին: Այսպիսի կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Այն, թե ինչ քայլերով են այս վարչակարգերը սկսում կառուցել իրենց ներքին քաղաքականությունը, լուրջ մտածելու տեղիք է տալիս, թե որքանով են նրանց քայլերը համապատասխանում այն աջակցությանը, որը նրանք ստացան ժողովրդավարական Արեւմուտքից:  Եւ որքանով է նրանց համապատասխանում ժողովրդավարական Արեւմուտքի դիրքորոշումը, որի արձագանքը Քադաֆիի մարմինն անարգելու վերաբերյալ զարմանալի հանգիստ էր», - ասաց Բեքարյանը:

«Անցումային ազգային խորհրդի գործողությունները ամենեւին չեն համապատասխանում ապագա ժողովրդավարական երկրին: Նոր կառավարությունը ոչ մի հայտարարություն չի արել, թե ներքին քաղաքականության ինչպիսի սկզբունքներ է որդեգրելու: Միայն դրանից հետո կարելի է դատել այն մասին, թե որքանով է այն ժողովրդավարական: Դրա հետ միասին, Լիբիան արդեն հայտարարել է բազմակնությունը թույլատրելու եւ շարիաթը ազգային օրենսդրության հիմքում կիրառելու մասին: Հետաքրքիր է, դեպքերի նման զարգացում նախատեսե ՞լ էր Արեւմուտքը, ով էլ, դե ֆակտո, բերեց նոր իշխանությանը: Առայժմ արձագանքը տարօրինակ կերպով հանգիստ է», - նշեց Բեքարյանը:

Պետք չէ անուշադրության մատնել նաեւ հարեւան Թունիսում տիրող իրավիճակը, որտեղ ընտրություններին զգալի առավելություն է ստացել չափավոր իսլամիստական կուսակցությունը:  «Այստեղ, ինչպես եւ Լիբիայում, քաղաքական ուժը դեռ չի բարձրաձայնում իր ծրագիրը: Այդ պատճառով, թե որքանով չափավոր իսլամիստները չափավոր կլինեն, կարելի կլինի դատել միայն նրանց իրական գործողություններից ելնելով»:

Սիրիայի իրադարձությունները եւս պետք է ուշադրության կենտրոնում լինեն` հաշվի առնելով մի կողմից այնտեղի հայկական մեծ սփյուռքը, մյուս կողմից` ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ միջազգային կառույցների դիրքորոշումը: