Հայաստանի իշխանության ներսում կա լարվածություն, որն ակնհայտ է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական կոալիցիայի փլուզումը, եւ նման դեպքում, ՀԱԿ-ը կհամագործակցի՞ ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ, Զուրաբյանը պատասխանեց.

«Մենք կարեւոր գործ ենք անում՝ ավազակապետության կազմաքանդումը։ Այսօր ավազակապետության հիմքերը սպասարկում է քաղաքական կոալիցիան։ Դրա հիմքերը խարխլող ցանկացած քայլ անելու ենք։

Պետական կառավարման ձախողումը եւ այն մարտահրավերները, որ ռեժիմը չի կարողանում լուծել, այսօր առաջացրել է լրջագույն լարվածություն հենց Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանում։ Թե այդ պրոցեսները որքան հեռուն կգնան, դժվարանում եմ կանխատեսել։ Բայց որ կա լարվածություն, ակնհայտ է։

Ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմին սատարելուց եւ հասկանում է պետականության համար վտանգը, միայն այդ փաստով դառնում է ժողովրդի բնական դաշնակիցը»:

Իսկ արդեն պայմանավորվածություն ունե՞ք ԲՀԿ-ի հետ, հարցին էլ արձագանքեց. «Մենք որեւէ ուժի չենք առանձնացնում; Որեւէ պայմանավորվածություն կամ կոնտանկտ, որը գտնվում է կոալիցիայի մեջ, չի եղել եւ չկա։ Այն ինչ ասացի, վերաբերում է բոլորին։ Այն սեգմենտները ՀՀԿ-ում, որ կգիտակցեն ավազակապետության վտանգը, կարող են համագործակցել»:

Ինչ վերաբերում է իրենց պայքարի արդյունավետությանը, ՀԱԿ-ի համակարգողն ասաց. «Պայքարի տեմպը հասարակության չի բավարարում, մեզ էլ չի կարող բավարարել։ Բայց կան իրողություներ։ Մենք գերադասում ենք, որ գործն արվի հուսալիորեն, քան գործն անենք եւ ձախողվենք»: