Ադրբեջանի ընտրվելը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներքին լսարանի համար կներկայացվի իբրեւ դիվանագիտական հաղթանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Չեմ կարծում, որ այս համատեքստում ինչ-որ լուրջ բան կփոխվի, եթե Ադրբեջանը որոշի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կրկին քննարկման դնել ղարաբաղյան թեման», - նշել է Մինասյանը:
«Ղարաբաղյան հակամարտության իրական ձեւաչափը մի կողմից գտնվում է գերտերությունների վերահսկողության տակ, մյուս կողմից` պահպանում է ռազմաքաղաքական հավասարությունը»: Քաղաքագետը նաեւ նշեց, որ 2 տարի անց` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամության ժամկետը լրանալուց հետո, Ադրբեջանը լավագույն դեպքում կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա պատկերը:
Ավելի վաղ NEWS.am -ը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին կայացած ՄԱԿ-ի վեհաժողովի նիստի ընթացքում Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով, սկսած 2012թ. հունվարի 1-ից: վեարկության անցած փուլերի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ անդամ են ընտրվել նաեւ Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն:
Արեւելյան Եվրոպայից ժամանակավոր անդամի տեղի համար բարդ պայքար էր ընթանում Ադրբեջանի եւ Սլովենիայի միջեւ: Երկրներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ երկու/երրորդը (128 ձայն) ԱԽ-ում ընդգրկվելու համար: Վերջին քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացել է 155 ձայն, քանի որ Սլովենիան անսպասելի կերպով հանել է իր թեկնածությունը:




























