Իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Վլադիմիր Գասպարյանի միջեւ հակասություններ են առաջացել: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների եւ գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել եւ մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձեւերով եւ միտումնավոր շահարկվում են:

Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը եւ պաշտպանական գերատեսչության թափանցիկության եւ հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները եւ  գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման եւ ֆինանսական ապահովության աղբյուր»,- ասել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել է, որ իր իրազեկ աղբյուրների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ խմորումներ են սկսվել։ «Պատճառը դարձյալ հասարակական կազմակերպություններն են, որոնց ընդունել էր ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել չոր արձագանքել բոլոր նրանց, որոնք Հայաստանից դուրս եղած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն՝ այն, ինչ որ արեց ՊՆ իրավական հարցերով տեղակալ Վլադիմիր Գասպարյանը։

Սակայն Դ.Տոնոյանը, ըստ ՊՆ-ի «հասկացողության», ավելի փափուկ է գտնվել, ավելին, ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին, որոնց Վլադիմիր Գասպարյանը «գրանտակեր» էր անվանել։ Ըստ թերթի տեղեկությունների՝ հարցը պետք է քննարկվի երեկվանից արդեն արձակուրդից վերադարձած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, եւ գուցե առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն»,- գրել է թերթը: