Ծաղկաձորում, 2012-ի փետրվարի 3-ին, կմեկնարկի «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որն անվանում են նաեւ «Հայկական Դավոս»: Այն կանցկացվի 9-րդ անգամ:
Համաժողովը հարթակ կդառնա ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների քննարկման համար` հանդիսանալով հայաստանյան եւ արտերկրից ժամանած քաղաքական գործիչների, կառավարության ներկայացուցիչների, արդյունաբերողների, գործարարների, գիտնականների եւ հասարակական գործիչների հանդիպման եւ երկխոսության վայր: Սպասվում է լիագումար նիստերի, կլոր սեղանների, կոնֆերանսների անցկացում բազմաթիվ հարթակների վրա` հարմարավետ կահավորված նիստերի դահլիճներում, հանդիպումնրի սրահներում: Նախատեսվում է նաեւ “BRIDGE AWARD” մրցանակաբաշխության անցկացում, մշակութային եւ ժամանցային ծրագրեր:
2012-ի համաժողովի շրջանակում կկազմակերպվի կոնֆերանս` «Ժամանակակից տնտեսությունը լրատվամիջոցներում, տեղեկատվական թափանցիկություն` երազանք եւ իրականություն» թեմայով:
Համաժողովի 300-ից ավելի մասնակիցները կբնակեցվեն Ծաղկաձորի ամենահարմարավետ հանգստի տներում: Գրեթե ամբողջ քաղաքը կներգրավվի համաժողովի միջոցառումների մեջ:
«Կամուրջ 2012» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»: Համաժողովը կտեւի 3 օր` փետրվարի 3-6-ը:




























