Հայաստանի նախագահի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կայացել է հանդիպում ՌԴ Դաշնային խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այցն արդյունավետ անցկացնելու կապակցությամբ, որի ընթացքում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր: Մատվիենկոյի խոսքով` դրանք երկկողմ հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ են ի հայտ բերում: Նշվել է, որ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար, ոլորտներում ունեցած սերտ հարաբերությունները երկու ռազմավարական գործընկերների միջեւ համահունչ են հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն: Կողմերը կարեւորել են Հայաստանի Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցությունը, միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին Դաշնային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն հետագա գործունեության ընթացքում:
Հայաստանի նախագահի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում հոկտեմբերի 25-ին նախատեսված են նաեւ հանդիպումներ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:




























