Հայ ազգային կոնգրեսը իշխող վարչախմբի դեմ պայքարելու համար քաղաքական ճակատ է ստեղծելու: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս նշել է, որ իրենք դեռ բանակցություններ չեն սկսել այլ քաղաքական ուժերի հետ այդ հարցի շուրջ: «Մենք հասկանում ենք, որ բանալին մոբիլիզիացիան, քաղաքացիական հասարակությունն է։ Առաջին հերթին աշխատելու ենք ժողովրդի հետ։ Ինչ որ փուլից չենք բացառում, որ հնարավոր կլինի բանակցել այլ քաղաքական ուժերի հետ»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ իրենք բանակցելու ենք մեկ հարցի շուրջ` Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականի:

Հարցին, թե ի՞նչը պետք է ստիպի, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում խոսել ուրիշի մոտիվների մասին։ Ես կարող եմ խոսել միայն մեր մոտիվների մասին, թե ինչու ենք անում այս կամ այն քայլը»:

Լրագրողները նաեւ հարցրել են, թե ինչո՞ւ է Զուրաբյանը վստահ, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալու դեպքում արհեստական ընդդիմություն չի լինի, ինչին ի պատասխան ՀԱԿ համակարգողը նշել է. «Ես ոչնչում վստահ չեմ, բացի մեր վճռականությունից։ Կա պատմության ճիշտ կողմը, եւ ով ցանկանում է հայտնվել այդ ճիշտ կողմում, պետք է ընտրություն կատարի»:

Անդրադառնալով հոկտեմբերի 28-ին նախանշված հանրահավաքին եւ հնարավոր զարգացումներին` Լեւոն Զուրաբյանն ասել է. «Համենայն դեպս, տաք հագնվեք»: