Հայաստանի նախագահի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կայացել է հանդիպում  Պետդումայի նախագահ, «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովի հետ:

Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման կարեւորության հետ մեկտեղ ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը, մասնավորապես` ԵԽԽՎ-ում: Բարձր գնահատական է տրվել ԱՊՀ-ում Հայաստանի կառուցողական եւ ակտիվ գործունեությանը: Նշվել է, որ Հայաստանը ակտիվ մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նպաստում են նաեւ երկրում ազգային տնտեսության զարգացմանը:  Զրուցակիցները խոսել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին` ընդգծելով Հայաստանի մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ համագործակցության զարգացման կարեւորությունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս պոտենցիալը: Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են ՌԴ հայկական սփյուռքի ունեցած կարեւոր դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի նախագահի ՌԴ կատարած պետական այցի շրջանակներում հոկտեմբերի 25-ին նախատեսված են նաեւ հանդիպումներ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: