Թուրքիայի Վանի նահանգում, հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար Իրաքի Քուրդիստանի ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին թուրքական Կարմիր մահիկին դրամական փոխանցում է կատարել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի ղեկավարած «Քուրդիստանի դեմոկրատական» կուսակցության պատվիրակությունը, հոկտեմբերի 25-ի առավոտյան, այցելել է Էրբիլում գտնվող Թուրքիայի հյուպատոսություն՝ հայտնելով իրենց համերաշխությունը Վանի երկրաշարժից տուժածներին։ Պատվիրակության անդամները թուրքական Կարմիր մահիկին փոխանցելու համար թուրքական հյուպատոսությունում թողել են 1 մլն դոլարանոց կտրոն։

Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։

Երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորներինը՝ 1301: