Թուրքիան այժմ ավելի բարենպաստ վիճակում է գտնվում վերջին տասնամյակում իրականացրած հիմնարար վերակառուցումների շնորհիվ, եւ կարող է երկրաշարժի հետեւանքները հաղթահարել, բայց միջազգային փորձագետները կասկածի տակ են առնում Թուրքիայի որոշումը` դրսից առաջարկվող  բազմաթիվ  օգնություններից հրաժարվելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը` հղում անելով Reuters-ին:

Երկիրը մեծ երկրաշարժերին դիմակայելու մեծ  փորձ ունի այն բանից հետո, երբ անցած դարում  «սեյսմիկ փոթորիկ» է ապրել, սակայն դա միշտ չէ արագ  օգնությամբ արտահայտվում:

Տարերային աղետներին արձագանքելը զգալիորեն բարելավվել է արեւմտյան Իզմիթ քաղաքում 1999թ. 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո, որի արդյունքում 17 հազ. մարդ զոհվեց:

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ տարածաշրջանի աճող տնտեսական հզորությունը նախկինի նման հետ է մնում այն կազմակերպություններից, որոնք կան, օրինակ, Ճապոնիայում, եւ կասկածի տակ են առնում դրսի օգնությունից Թուրքիայի հրաժարվելը:

 «Ավելի լավ կլիներ ընդունել ամբողջ օգնությունը, որը կարելի էր ստանալ»,- ասել է Մեթյու Ֆրին` Ինժեներ-շինանարների ինստիտուտի երկրաշարժերի դաշտային ուսումնասիրության խմբի նախկին նախագահը, ով օգնություն էր ցուցաբերել Իզմիթի երկրաշարժից հետո: «Սա հպարտություն դրսեւորելու հարմար ժամանակ չէր... Մարդկանց կյանքը փրկելը ամենակարեւոր առաջնահերթությունն է»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Վան է մեկնել երկրաշարժի վնասը գնահատելու համար, ասել է, որ երկիրը ինքնուրույն կհաղթահարի դժվարությունները:

Նա հրաժարվել է առաջարկվող օգնությունից, մասնավորապես` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ հարեւան Իսրայելի եւ Հայաստանի, որոնք լարված հարաբերությունների մեջ են Անկարայի հետ: