Միավորված աշխատանքային կուսակցությունը մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

Վերջինիս խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, ֆալսստարտ էր, սակայն այժմ քաղաքական ուժերը մտնում են ակտիվ փուլ: «ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ եւ գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա»,- ասել է Արսենյանը` չբացառելով համագործակցությունն այլ ուժերի հետ: «Ես հնարավոր համարում եմ ցանկացած ուժի հետ համագործակցությունը, եթե այդ ուժն ունի այն ծրագրերը, որոնք համապատասխանում են նաեւ մեր ծրագրերին»:

«Մենք պարտականություններ ունենք մեր երկրի առջեւ, եւ կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե տեսնենք դեմ գործող համակարգերին, կկոշտացնենք մեր դիրքորոշումները: Համոզված եմ՝ մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից»,- նշել է Արսենյանը եւ հավելել. «Եթե ձեզ թվում է, թե Հայաստանում տեղի է ունենում արտառոց բան, դուք սխալվում եք: Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների ձեւավորման հերթական փուլը»: