Թուրքիան եւ Ադրբեջանը շահարկում են հայկական ԱԷԿ-ի վրա թուրքական երկրաշարժի ունեցած ազդեցության մասին լուրերը: Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` ելույթ ունենալով Ազգային ժողովում: Նա նշել է, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ, այն դեպքում, երբ ԱԷԿ-ի գոտում ցնցման ուժգնությունը կազմել է ընդամենը 3 բալ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ին Թուրքիայի արեւելքում` Վանից 38 կմ հյուսիս գտնվող տարածքում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` 9-10 բալ հզորությամբ: Հայաստանի տարածքում ցնցումների թափը եղել է 3-5 բալ: Հայկական ԱԷԿ-ը թուրքական սահմանից 16 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ երկրաշարժի էպիկենտրոնից` մոտ 160 կմ:
Նախարարը հիշեցրել է, որ վերջերս OSART ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը եղել է կայանում, որի եզրակացության մեջ նշվել է, որ կայանի շահագործման ռիսկերը կառավարելի են:




























