2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 620.6 մլրդ դրամ` 100.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պետական բյուջեի 9-ամսյա կատարողական հաշվետվությունում: Նշված գումարից համապատասխանաբար 577.6 մլրդ եւ 92.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 636.9 մլրդ դրամ` ապահովելով ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 91% կատարողական: Վերջինս պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաեւ առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: