Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից, Հարությունյանը Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ կայցելի պաշտոնական հրավերով հոկտեմբերի 26-30-ը: Հանդիսությունների շրջանակներում Մոսկվայի Կրեմլի մեծ պալատում՝ Ռուսաստանի Նախագահի, բարձրաստիճան անձանց ու հանրային լայն մասնակցությամբ, կայանալու է հանդիսավոր նիստ, որտեղ ողջույնի խոսքով հանդես կգա նաեւ Գագիկ Հարությունյանը:

Նույն օրը երեկոյան նիստի մասնակիցները հատուկ ինքնաթիռով կմեկնեն Սանկտ-Պետերբուրգ, ուր կոնգրեսների Պալատում կկայանա «Սահմանադրական վերահսկողություն. դոկտրինա եւ պրակտիկա» միջազգային երկօրյա կոնֆերանս։ Կոնֆերանսում նախատեսված է Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի նախագահ, Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի զեկուցումը՝ «Սահմանադրական վերահսկողության համակարգվածության եւ շարունակականության հրատապ խնդիրները» թեմայով։