Թուրքիայի Վան նահանգի Արճեշ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին փլատակների տակից հանված 14 օրական երեխայի մորը՝ Սեմիհա Քարադումանին եւս հաջողվել է փրկել։ Այս մասին տեղեկացնում  են թուրքական Dunyabultenin:

Նշենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Վանում եւ Արճեշում մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում 3-ից 5 բալլ հզորությամբ: