Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, ՌԴ Դաշնային խորհրդի եւ Պետդումայի նախագահների հետ հանդիպումներից հետո, այցելել է Մոսկվայի քաղաքապետարան:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը նախագահը նշել է, թե շատ ուրախ է Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:
Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երեւանի հետ համագործակցության նոր ծրագիր եւ հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մոսկվայի քաղաքապետը կարեւորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Քաղաքապետ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում մեծ թվով հայեր են ապրում եւ նրանց մեջ կան գործարարության ու այլ բնագավառներում զգալի հաջողությունների հասած անձինք: Հանդիպմանը քննարկվել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, առեւտրատնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում կունենա նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկոյան ավարտելով պետական այցը Ռուսաստան`Հանրապետության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:




























