Իսրայելի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե թուրքական կողմն Անկարայում Իսրայելի հյուպատոսության միջոցով հայտնել է, թե իրենց անհրաժեշտ են թեթեւ նյութերից արագ հավաքվող տնակներ (պրեֆաբրիկ տներ)։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Իսրայելի պաշտպանության նախարարությունն արդեն «Բոինգ 747» քաղաքացիական  օդանավով 7 հավաքովի տնակ է ուղարկել Թուրքիա։

Նշվում է, որ իսրայելական կողմը շարունակելու է օգնություն տրամադրել։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին, որ երկրաշարժի հետեւանքների վերացման համար խիստ կարիք ժամանակավոր տնակների, վագոնների եւ տաք վրանների:  ԱԳՆ-ն իր հերթին հանձնարարել է տեղեկացնել այս մասին այն երկրներին, որոնք մինչ այս առաջարկել էին իրենց օգնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Էրդողանն ասել էր, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել  Թուրքիային: