Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին քիչ առաջ, այն բանից հետո երբ նրանք վրան տեղադրեցին Կասկադի հարեւանությամբ:

Ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ վրանի տեղադրումով ակցիայի մասնակիցները սահմանափակում են այլոց իրավունքները եւ չեն կարող այդ վայրում վրան տեղադրել:

Նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ իրենք հանրային շահ են ներկայացնում, եւ իր կարծիքով մայթերով քայլելու իրավունքը չի կարող գերակա լինի նրան, երբ որ Հայաստանը դառնա Արեւմտյան Ադրբեջան:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանում պասպորտնի կանտրոլ անցնենք, ադրբեջանական տեղանուններ լինեն այստեղ»,-ասաց նա, ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ իրենց պահանջին չեն ենթարկվում եւ այդ պատճառով պետք է բերման ենթարկեն նախաձեռնության անդամերին:

Ոստիկանության աշխատակիցները՝ այդ թվում կարմիր բերետավորները անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեցին ակցիա իրականացնողներին:

Ոստիկանները նաեւ առգրավեցին վրանը: