Կարգի եմ հրավիրում առաջինը Ձեզ, ելույթի ժամանակ կոռեկտության սահմանը մի՛ անցնեք, պիտի՛ խոսեք հարցի մասին: Երբ որ հարցեր կունենաք, հարցուպատասխանի ժամանակ կքննարկեք, սա ԱԺ ամբիոնը չի: Այսպես, այսօր՝ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում  քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հայտարարությանը, թե, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության գլուխ կանգնած, Հայաստանն անընդհատ զոհեր է ունենալու:

Նախքան քննարկվող հարցին անցնելը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ցավակցեց այսօր Ներքին Հանդի հատվածում՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով զոհվածների ընտանիքներին, և խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխում, մենք ունենալու ենք զոհեր, ցավակցում եմ ոչ միայն զոհվածների հարազատներին, այլև մեր ամբողջ պետությանը և բանակին: Միակ լուծումը, որ մենք չզոհվենք և չփոքրանանք՝ իբրև պետություն, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է»,-ասաց նա:

Հայտարարության արյունքում առաջացած վիճաբանությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամը խոսեց նաև քաղաքապետի ընտրությունների և ավագանու անդամների մանդատից զրկելու մասին:

«Գործ ունենք մի իշխանության հետ, որը չստանալով Երևանի բնակիչների մեծամասնության ձայնը, ստվերային գործարքների և կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում պահեց քաղաքապետի աթոռը: Սակայն լիազորությունների ստանձնումը, օրենքի տարրին համապատասխան, չկարողացավ անել: Մենք դատական կարգով վիճարկում ենք դա, նախնական առաջին դատական նիստը լինելու է մարտի 5-ին»,-ասաց Սամվել Հակոբյանը:

Նրա խոսքով, Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ, սովորական քաղաքացիներ միլիոնավոր դրամներ են փոխանցել ՔՊ նախընտրական հիմնադրամին:

«Սա, ժողովուրդ ջան, կոռուպցիայի պարզ դրսևորում է, կոռուպցիան այլ կերպ չի լինում: Ընտրություններից միայն 5 ամիս հետո է ՔՊ-ն տրամադրել իրենց բյուջե նվիրատվություն արած անձանց ցանկը՝ այն էլ միայն այն բանից հետո, երբ ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի է տվել ՔՊ-ին՝ այդ տվյալները չնեկայացնելու համար»,-ասաց Սամվել Հակոբյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով,  դատական կարգով վիճարկելու են նաև  ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը, քանի որ վստահ են, որ դա հակասահմանադրական և հակաիրավական որոշում է: