Ակադեմիական քաղաքի նախագիծը ժամանակավրեպ է, քանի որ մենք մեր հանրապետությունում ունենք ավելի լուրջ խնդիրներ եւ ես չեմ տեսնում այն հույժ անհրաժեշտությունը, որ պետք է այդպիսի քաղաք ստեղծվի: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը:
«Մանավանդ, որ դա պահանջում է մեծ գումարներ, եթե հանրապետությունը ունի այդպիսի գումարներ, դա պետք է տրամադրի մեր պաշտպանական համակարգի ստեղծմանն ու ամրապնդմանը: Ամեն երկիր ձգտում է այդպիսի կենտրոն ունենալ, օրինակ Նովոսիբիրսկում ստեղծեցին այդ հայտնի գիտական կենտրոնը, բայց այդ կենտրոնները ստեղծվել են կոնկրետ պրոբլեմ լուծելու համար, ոչ թե նրա համար, որ լավ կլինի ստեղծվեն: ԽՍՀՄ-ում դրա դասական օրինակն էր ատոմային ռումբի ստեղծումը, ԱՄՆ-ն, որը հետ էր մնում տիեզերագիտության մեջ, ստեղծեց ՆԱՍԱ-ն: Այսօր մենք ի՞նչն ենք ում հետ միավորում եւ ինչ պրոբլեմ ենք լուծում, չկա այդ պրոբլեմի ձեւակերպումը: Իմ տեսակետից կարեւոր է ձեւակերպել հանրապետության առաջ կանգնած պրեբլեմները՝ օրինակ անօդաչու թռչող սարքերը, քանի որ հետ ենք մնացել այդ ոլորտում եւ այդ խնդիրը լուծել՝ միավորլով տարբեր ուղղություններ»,-ասաց նա:
Բացի նրանից, որ չկա ակադեմիական քաղաքի առջեւ դրված խնդիրները, ակադեմիկոսը նշում է, որ նաեւ պարզ չէ, թե ինչ կարգավիճակով են ինստիտուտները միանալու բուհերին՝ պահպանելու են իրենց անունները եւ այլն:
Լենսեր Աղալովյանը հայտնեց, որ իրենք առաջարկով դիմել են կառավարությանը եւ առաջարկել են լայն թափով համագործակցել բուհերի հետ:
«Օրինակ համատեղ լաբորատորիաներ, այսինքն համագործակցությունը պետք է ավելի գործնական բնույթ ստանա»,- նշել է նա:
Մանրամասները տեսանյութում:











