Մոտ մեկ շաբաթ է՝ «Գոյ» թատրոն չենք մտել, ճիշտն ասած, մի քիչ հուզվեցի. Այս ամեն ինչը շատ ծանր է, բեմը շատ անհանգիստ է, որ չկան  դերասանները, ստեղծագործողները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց այդ թատրոնի դերասան Սարգիս Արզումանյանը, որը դրսում բողոքի ակցիայից հետո մտել էր դատրոնի դահլիճ:

«Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք հիմա դրսում են մնացել, գալու են, բարձրանալու են ասյ բեմ ու այստեղ լինելու է հանդիսատես:

Այսօր «Գոյ» թատրոնն օկուպացված է: Հիմա մենք գտնվում ենք օկուպացված տարածքում: Վիճելի է այս տարածքի հարցը: Ես համոզված եմ, որ սա տարածքի կռիվ է. Սունդուկյանի անվան թատրոնն ասում է, որ սա իրենն է, «Գոյ» թատրոնն ասում է՝ իրենն է, պետությունն էլ ասում է՝ իրենն է: վերջը ո՞ւմն է: Ինձ թվում է՝ այս հարթակը ոչ մեկինը չէ, հանդիսատեսին է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:

Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:

Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։