Հայաստանը 4 տարում կարող է էական քայլեր ձեռնարկել անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել APRI Armenia-ի հետազոտող, միջազգային հարցերով մասնագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Ինչո՞ւ Հնդկաստանի հետ զորավարժություններ չկան: Նույն Իրանն առաջարկեց լայն օրակարգ՝ սկսած Շուշիի հայտնի հռչակագրի ստորագրումից, վերջացրած զենքի մատակարարմամբ։
Հայաստանի իշխանությունները, միգուցե, վախենում են արեւմտյան պատժամիջոցների սահմանումից:
Սակայն ԵՄ երկրների և ԱՄՆ-ի դեսպաններն ասում են, որ իրենց երկրները պատժամիջոցներ չեն կիրառի Հայաստանի նկատմամբ Իրանից զենք ստանալու դեպքում, եթե դա ուղղված չէ իրենց շահերին, օրինակ՝ Ուկրաինայի հարցում»,- ընդգծել է փորձագետը։
Ըստ Մելքոնյանի՝ Ադրբեջանի հարձակման ռիսկերը նվազեցնելուն նպաստող մի քանի գործոն կա։
«Դա տեղի կունենա, եթե Հայաստանը Տավուշում համատեղ զորավարժություններ սկսի ցանկացած գործընկերոջ հետ՝ լինի դա Ռուսաստանը, Իրանը, թե Ֆրանսիան. մի բան, որ առաջարկում էր Մոսկվան 2020 թվականի պատերազմից առաջ, սակայն Երևանը մերժեց։
Բացի դրանից, իշխանությունները կարող են հետ կանչել Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը։
Սա ցույց կտա, որ Հայաստանը պատրաստ է և կարող է պաշտպանել իր անվտանգությունը»,- հավելել է փորձագետը։
Սերգեյ Մելքոնյանը նշել է, որ փոխարենը Հայաստանը շարունակում է խոսել միակողմանի զիջումների մասին։
«Նման պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու առնվազն քաղաքական կամք չունեն, քանի որ այս կոնֆիգուրացիայի յուրաքանչյուր կողմ փորձում է ինչ-որ բան կորզել իր համար։
Խնդիրն այն է, որ Հայաստանը այսպես կոչված անկլավները ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք։
Ուստի արտաքին խաղացողներից ոչ մեկը Բաքվին մեղադրելու հիմք չունի։ Նույնը եղավ Արցախի դեպքում»,- նշել է փորձագետը։
Մելքոնյանը հիշեցրել է, որ մարտի վերջին Ադրբեջանի ՊՆ-ն ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել, որից առաջ հանդիպում է եղել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև: Դրան հաջորդել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ըստ որի Հայաստանը սահմանների մոտ իբր զինտեխնիկա է կուտակում, թեև ԵՄ դիտորդները հերքել են այս ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանը չի կատարում Տավուշի գյուղերի վերաբերյալ պայմանավորվածությունը, իսկ Փաշինյանը, փաստորեն, վերջնաժամկետ մատնանշեց՝ հայտարարելով, թե «հակառակ դեպքում, շաբաթվա վերջում պատերազմ կլինի»,- նշել է փորձագետը:
Ըստ Մելքոնյանի՝ ադրբեջանական հնարավոր հարձակման համար ամենաբարենպաստ պահը Բրյուսելում Փաշինյանի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ ապրիլի 5-ի հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածն է: Բաքուն այդ ժամանակ փորձելու է ձեռք բերել Ռուսաստանի և Իրանի չեզոք դիրքորոշումը՝ մատնանշելով, որ այդպիսով պատժում է Հայաստանին Արևմուտքի հետ խաղերի համար։
Փորձագետի կարծիքով՝ սահմանափակ էսկալացիայի դեպքում Մոսկվան կոշտ չի արձագանքի, ինչը կհանգեցնի Ռուսաստանի իմիջի էլ ավելի մեծ անկմանը, պայմաններ կստեղծվեն ռուս սահմանապահներին դուրս բերելու ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանից, այլև. Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանից։











