Դատավորների «չաթում» եղել է 5 մարդ, եւ մեկը «Հուդայի» բնորոշ վարքագիծ է դրսեւորել, եւ այս չաթը բացահայտել է, այդ 4 դատավորների նկատմամբ, վստահ եմ, պահանջ է դրվել հրաժարական տալ, վերջիններս էլ հրաժարական են տվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հարցին՝ արդյո՞ք ճնշումն այնքան ուժեղ էր, որ դատավորները պետք է հրաժարական տային, ԲԴԽ նախկին նախագահն ասաց․ «Կարծում եմ՝ այո, այդ հարցը մեկ այլ բարոյական հատված ունի։ Չաթում եղել են 5 մարդ, եւ մեկը «Հուդայի» բնորոշ վարքագիծ է դրսեւորել, եւ այս չաթը բացահայտել է, այդ 4 դատավորների նկատմամբ, վստահ եմ, պահանջ է դրվել հրաժարական տալ, վերջիններս էլ հրաժարական են տվել։ Ցավոք, լավագույն դատավորներ էին, որոնք պատիվ էին բերում դատական համակարգին»։

Անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովից առաջ այդ թեմայի առնչությամբ դատավորների կարճ ճեպազրույցներին, Վարդազարյանը կոշտ արձագանքեց․

«Ամոթ զգացի իրենց փոխարեն։ Գտնում եմ, որ այդ մարդիկ որ այդ աստիճան դերասանություն են անում, ուղղակի թասիբ ու արժանապատվություն չունեն։ Դատավորներից օրինակ՝ Մխիթար Պապոյանն ասաց՝ այո, գիտեմ, այո, կարձագանքեմ, այո, տեղյակ եմ, չեմ ուզում ասել, նույնիսկ հետեւություններ կանեմ, նույնիսկ համարձակություն չունեցան ասել, որ տեղյակ են՝ ինչի մասի է խոսքը։ Սրբի դեմքով ասացին, որ տեղյակ չեն, որ իրենք տեղյակ չեն, իբրեւ դատավորներն իրենց հոժար կամքով դիմում են գրել եւ հեռացել, սակայն բոլորն էլ գիտեն, որ դա այդպես չէ։ Նրանք մամուլի, տեսախցիկների առջեւ փորձեցին դերասանություն անել, որը չստացվեց, վատ խաղ էր»։

Անդրադառնալով վերջերս իրավապահների կողմից իր տան խուզարկությանը եւ հարցին, թե ի՞նչ էին փնտրում իրավապահները իր տանը, Ռուբեն Վարդազարյանն ասաց․

«Այս գործը գտնվում է նախաքննության փուլում։ Աշխատում է նախաքննական գաղտնիք ռեժիմը, ցավոք, այս պահին իրավունք չունեմ որեւէ տեղեկություն հայտնել։ Մամուլում կարող է շատ բան շրջանառվում, ես շատ բան կուզեի ասել, պատասխանել, մանրամասներ ներկայացնել, բայց ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից, ես չեմ ուզում ինձ վնասել, որ հետո էլ ինձ նոր մեղադրանք առաջադրվի»։