Ես նկատեցի, որ 4 հոգով ձերբակալում են քաղաքացիներին եւ տեսա, որ ոստիկաններից մեկը հարվածեց: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով հեւում էր:
«Ես պնդեցի, որ ներս թողնեն ինձ: Այդ պահին հանդարտ էր իրավիճակը: Հավաստիացած ենք, որ ճանապարհին բռնության չեն ենթարկում:
Ոստիկաններն իրենց հերթին պնդում են՝ որ ինչ-որ մեկն իրենց բզով խփել է: Ես ասում եմ, ով բզով խփել է ոստիկանին, սադրիչ է, սրիկա է եւ կապ չունի այս շարժման հետ, եթե այդպիսի բան կա:
Բայց ես իմ աչքով տեսա, որ ոստիկաններից մեկը հարվածում էր տղաներից մեկին: Մի հոգու ինքնազգացողությունը վատացավ, սրտի խնդիր ուներ՝ Սարգիս Բալայան. Խդրում եմ փաստաբան ուղարկել կենտրոնի բաժին»,-ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց իրավիճակը լարվեց, բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: «Ազգային ճակատի» փոխանցմամբ, ԱԳՆ շենքի դիմաց բախման ժամանակ Բագրատ Սրբազանին սև բերետավորները ոտքով հարվածներ են հասցրել:
«Կարմիր բերետավորները հոգևորականների են բերման ենթարկել և ծեծել ԱԳՆ դիմաց անցկացվող հավաքը լուսաբանող լրագրողներից ոմանց: Ոստիկանների բիրտ և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով: Ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների»,-նշում է «Ազգային ճակատը»:











