Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի, բայց 1-2-3 դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել մեր երկրում արդարադատությունն իրոք իր բարձրության վրա է, թե ոչ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատարանի վճռին, որով ինքն այսօր արդարացվեց:
«Շատ ակնհայտ է. եթե ուշադիր հետեւել եք դատաքննության պրոցեսին, ապա բոլորին էլ շատ հստակ հասկանալի է դարձել, որ ուրիշ որեւէ՝ ընկերության, հատկապես նրանք, որոնք դիմել էին, բողոքել էին, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու: Էլ ուրիշ ի՞նչ կարող է լինել»,-ասաց նա:
Հարցին՝ սպասո՞ւմ էր նման վճիռ, երրորդ նախագահը պատասխանեց. «Այնպես չէ, որ այս որոշումից ես շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես պետք է ողբերգություն ապրեի: Նաեւ հաշվի առնելով հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, առաջին հերթին սա ինձ համար բարոյական նշանակություն ունի եւ երկրորդ, նույնիսկ եթե առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, գոյություն ունի երկրորդ ատյան, այնուհետեւ վճռաբեկ դատարան, ապա նաեւ այլ դատական հաստատություններ կային: Մենք բոլոր տեղերում պետք է պայքարեինք, որ բարոյական վնասը, որ ինձ, իմ գործընկերներին հասցրել են, ինչ-որ չափով մեղմեինք: Իհարկե, հնարավոր չէր ամբողջության վերացնել հետեւանքները»,-ասաց նա:











