Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:

Ավտոերթով Գյումրի մեկնող Բագրատ Սրբազանն իր աջակիցներվ նույնպես ներկա էր գտնվելու համերգին, սակայն համերգի ժամը փոխվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով:

«ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, ուստի ելույթ չեն ունեցել:

«Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ, բան չեմ ասում: Երեխաները մասնակցում էին համերգին «Ազնավուր» հիմնադրամի հրավերով, պայմանագիր էր կնքել իրենց հետ, նա ո՞վ է, որ մեջտեղ ընկնի ու ինչ-որ բաներ անի: Այն ինչ վիճակ որ այստեղ կատարվու է, սա մեր երկրի դրությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: Կազմակերպիչները նաեւ հավաքել են բեմը` չթույլատրելով երեխաներին ավելի ուշ ելույթ ունենալ:

«Այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է, ում պատվերով են այդ հրահանգը կատարում»,- վրդովված ասաց Սրբազանը: Նշենք, որ ժամը 18:00-ին Թատերական հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք: