Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին: «Հաշվի առնելով, որ գործընթացը 2021 թվականից է սկսվել, կարծում եմ, որ մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը»,- ասաց նա՝ անդրադառնալով մրցույթին։
Ավինյանը նկատեց, որ չի կարող հասկանալ անվերջանալի մրցույթների տրամաբանությունը. «Ավելի քան մեկ տարի է՝ 7 սուբյեկտ է ընտրվել, որ պետք է անցնի երկրորդ փուլ, ինչ-որ շատ երկար է տևում այս երկրորդ փուլը, չասեմ, որ առաջին փուլն էլ էր անտրամաբանական շատ երկար։ Միգուցե այդքան աշխատանք կար անելու՝ ամեն մեկի մասով, բայց համենայնդեպս մենք չէինք ուզում վերջնական մանրամասն նախագիծ, այլ կոնցեպտուալ առաջարկ՝ որոշակի մակարդակով»։
Ավինյանի խոսքով՝ յուրաքանչյուր հարց՝ մանավանդ Երևան քաղաքին վերաբերող առաջին հերթին քաղաքապետարանի պատասխանատվությունն է:
«Եթե ստանում ենք առաջարկ, շատ ուրախ ենք, բոլոր գործընկերների հետ այդ առաջարկով կխոսենք։ Եթե չենք ստանում առաջարկ, միգուցե միջազգային գործընկերներին կխնդրենք տալ առաջարկ»,- նշեց Ավինյանը:











