Հնդկաստանի համար լավագույնը տարբերակն այն է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը անցնի Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի տարածքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հնկաստանում գործող «Ույասանաս» ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր և տնօրեն, դոկտոր Աբհինո Պանդյան։
«Եթե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն անցնի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից վերահսկվող շրջաններով, երկարաժամկետ հեռանկարում կարող են խնդիրներ առաջանալ մեզ համար, քանի որ այս երկու երկրները սերտ հարաբերություններ ունեն Պակիստանի հետ, որը մինչեւ այժմ արգելափակել է մեզ համար եվրոպական և ռուսական շուկաներ տանող ուղիները»,- նշեց նա։
Իսրայել-Համաս պատերազմի հետևանքով Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքի ծրագրի խափանումից հետո, փորձագետի խոսքով, Հյուսիս-հարավի ծրագիրը էլ ավելի իրատեսական է դարձել Հնդկաստանի համար։ Միաժամանակ, սակայն, Կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական և անվտանգային իրադրությունը, ըստ դոկտոր Աբհինո Պանդյայի, նույնպես մատահրավերներ է առաջացնում, ինչը, սակայն, չի նշանակում, թե այս պայմաններում հնարավոր չէ կյանքի կոչել Հյուսիս-Հարավի ծրագիրը Հայաստանի տարածքով։ Այն, իր հերթին, Աբհինո Պանդյայի կարծիքով, Հայաստանի համար նաեւ անվտանգային երաշխիքներ կստեղծի՝ զգալիորեն չեզոքացնելով Սյունիքի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի ունեցած ծրագրերը։
«Եթե ռազմավարական հաղորդակցություների ծրագրով խոշոր դերակատարների եք բերում Սյունիքի տարածաշրջան, այնպիսիք, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, և նրանց առևտրաշրջանառությունն այստեղով է իրականացվում, ապա այդ դեպքում արդեն տարածաշրջանը շատ ավելի անվտանգ է դառնում. մեծ ներդրումներ են կատարվելու և եթե այս խոշոր պետությունները ներգրավված լինեն, համոզված եմ՝ քիչ հավանական է, որ հարևան երկրները հարձակվեն այս տարածքի վրա, քանի որ մեր անվտանգությունն էլ վտանգի տակ կդրվի»,- նշեց նա։
Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերջնական տեսքի բերի իր տարածքով անցնող տրանսպորտային ենթակառուցվածքները։ Դոկտոր Աբհինո Պանդյան չի բացառում, որ Հնդկաստանից կարող են ներդրումներ կատարվել Սյունիքի ենթակառուցվածքային նախագծերում։
«Հնդկաստանում շատ ազդեցիկ բիզնես խմբեր կան։ Եթե ճիշտ լոբբինգ իրականացվի, պատշաճ բանակցություններ տարվեն, ապա նրանք պատրաստ կլինեն ներդրումներ անել այս տարածքում։ Սա շահավետ տարածք է լինելու առևտրի մեծ ծավալներով։ Չեմ կարծում, թե խանգարող խնդիրներ կան։ Հնդիկները, այո, պատրաստ կլինեն ներդրումներ անել այստեղ»,- ասաց նա։
«Ույասանաս» ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադրի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմից հետո բազմակի աճել է Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը եւ Ռուսաստանի համար նույնպես խիստ անհրաժեշտ է դարձել Հյուսիս-հարավ միջանցքը։ Նա ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստին, որ ռուսական կողմը բացասական դիրքորոշում չի հայտնել Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարմանը։
«Ռուսական կողմը որևէ դժգոհություն կամ մտահոգություն չունի այս հարցում, չնայած նրան, որ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում ու խորանում են Չինաստանի հետ, միևնույնն է՝ նրանք անհանգստություն չունեն, որ Հնդկաստանը ներգրավվում է Հարավային Կովկասում և խորացնում կապերը Հայաստանի հետ»,- նշեց նա։











