Ադրբեջանը ստեղծել է առասպել, միֆ, որ ինքը միայնակ է հասել հաղթանակի 44-օրյա պատերազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ամբողջ աշխարհը գիտի, որ դա այդպես չէ, Թուրքիան լուրջ օգնություն է ցույց տվել Ադրբեջանին ամենատարբեր մակարդակներում»,-ասաց նա:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա սպառնացել էր մտնել Իսրայելի տարածք այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ ու Լիբիա, թուրքագետն ասաց. «Երբ Էրդողանը այդ հայտարարությունն անում էր, իր համար կարեւորը ոչ թե Ադրբեջանի ստեղծած առասպելն էր, այլ իր հաշվարկներն էին՝ կապված Մերձավոր Արեւելքի հետ, Իսրայելի հետ, Գազայի հետ, Թուրքիայի դիրքի հետ: Ադրբեջանն էլ չէր կարող չպաշտպանել այն առասպելը, որ ինքը ստեղծել է: Սա առաջին դեպքը չէ, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյան խոսում է Ադրբեջանին թուրական աջակցության մասին»:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերություններին, Սաֆրաստյանն ասաց. «Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ջերմացնելու քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, ամեն դեպքում տեղյակ է պահում նախապես:

Այնպես որ ես այստեղ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունների մեջ հակասություն չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան ինքն էլ էր ձգտում Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնել: Հիմա, իհարկե, մենք տեսնում ենք վերջին միսներին որոշակի  սառեցում, բայց դա ամերիկյան ճնշման արդյունքն է»: