Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ինչ-որ մեկի խորհրդով՝ ցանկանալով գաղտնագրման կոդերի հասանելիություն ստանալ։ Դա ապացուցում է, որ մեսենջերն «իսկապես պաշտպանված է», հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է այդ պլատֆորմի օգտագործմանը, այն շատ հարմար է, իսկապես պաշտպանված է։ Համենայն դեպս, եթե ինչ-որ մեկը դրանում կասկածներ ուներ, հիմա, երբ Դուրովին ակնհայտորեն ինչ-որ մեկի խորհրդով բռնել են եւ սպառնում են ահեղ պատժով՝ ակնկալելով, հավանաբար, ինչ-որ կերպ գաղտնագրման կոդերի հասանելիություն ստանալ, հիմա դա արդեն ապացուցված է ֆրանսիացիների գործողություններով, որ Telegram-ը իսկապես հուսալի եւ պոպուլյար ցանց է»,- ասել է նախարարը՝ մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր Եմենի ԱԳՆ ղեկավար Շայա Մոհսեն ազ-Զինդանիի հետ բանակցություններից հետո, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։