Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում նորակառույց դպրոցի բացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել աշակերտների հետ:
Հանդիպումը փակ էր, որից հետո նա դրսում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ շաբաթ օրն է ասուլիս կազմակերպել եւ հիմա հարցերի չի պատասխանի:
Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրում էր Փաշինյանի արձագանքը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանը, որ պետք է դադարեցվի Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը:
Նշենք, որ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՏԿԵ Գնել Սանոսյանի հետ շրջել է դպրոցի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ էին հայտնվել: Հատկանշական է, որ Փաշինյանի այցից ժամեր առաջ անվտանգության աշխատակիցները դպրոցից հեռացրել են բոլոր աշխատողներին ու լրագրողներին, որ ստուգեն տարածքը։
Նշենք, որ Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը այս տարի կընդունի 34 աշակերտի, նրանցից երեքը առաջին դասարանցիներ են։ Նախորդ տարի դպրոցը 41 աշակերտ ուներ, թիվը 7-ով կրճատվել է, որովհետև ըստ տնօրենի՝ մի քանի աշակերտ կրթությունը շարունակելու է հիմնական դպրոցում, կան նաև սահմանազատման հետևանքով այլ դպրոց տեղափոխվածներ:
«Առայժմ կգնանք նոր շենք, քանի որ հինն ավելի վտանգավոր է, քան նորը, 3-4-րդ կարգի վթարային է, երբ որ չեն հարմարվի, էն ժամանակ արդեն նոր շենք կկառուցվի, կտեղափոխվեն», - ասել է դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը:
Որպեսզի դպրոցականները ադրբեջանցի սահմանապահների բառացիորեն աչքի առջև չլինեն, բաժանարար պատ կառուցվեց։











