Այնպիսի մի զեկույց է ստացվել, որ շատ դժվար է ասել՝ որեւէ հատված հնարավո՞ր է հրապարակել, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին:
«Հրապարակվել է այն հատվածը, որը բաց նիտով է եղել, եւ Փաշինյանի բացը, եւ Տոնոյանի բացը, բայց մնացած մասի մեջ բաներ կան, որ շատ տարիներ հրապարակման ենթակա չեն լինի: Հանձնաժողովը հավաքագրել է այդ ամենը, եթե ընդդիմադիրները մասնակցեին, կտեսնեին, թե ինչ ծավալի աշխատանք է տեղի ունեցել: Ես հիմա իմ ելույթի վրա եմ աշխատում, որ պետք է ներկայացնեմ ԱԺ լիագումար նիստին»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե որ ամսին է նախատեսվում զեկույցի ներկայացումը:
«Զեկույցը պետք է ուղարկենք համապատասխան գերատեսչություններ, ստանանք նրանց կարծիքը գաղտնիության մասով, որից հետո կորոշենք, թե ինչ ենք անում զեկույցի հետ: Բայց զեկույցի աշխատանքները ավարտված են իրենց ժամկետում»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:











