Ես առհասարակ դժվար եմ պատկերացնում պայմանագիր կնքել խաղաղության մասին այն ժամանակ, երբ մարդիկ, որոնք ունեն  ՀՀ անձնագիր, շարունակեն գտնվել Բաքվի բանտում, սա պետության արժանապատվության հարցն է: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ իր հարցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ինձ համար հիմնարար սկզբունք կլիներ գերիների վերադարձի հարցը, որը խաղաղության պայմանագրի նախագծում արտացոլված չէ: Ես առհասարակ դժվար եմ պատկերացնում պայմանագիր կնքել խաղաղության մասին այն ժամանակ, երբ քո հայրենակիցները, մարդիկ, որոնք ունեն  ՀՀ անձնագիր, շարունակեն գտնվել Բաքվի բանտում, սա պետության արժանապատվության հարցն է: Տվյալ պայմանագրում ինձ համար հիմնարար սկզբունք պետք է լիներ այն, որ սահմանները բացվեին: Ես պարզ հարց ունեմ, ստորագրվելու պահից հետո բացվելո՞ւ են մեր սահմանները: Թե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու եւ շարունակելու ենք ապրել փակ սահմաններով մինչեւ առանձին կոմունիկացիաների հարցն առանձին բանակցություններով լուծելի լինի: Երրորդ հիմնարար սկզբունքը, որ վստահաբար պետք է ներառված լիներ այդ փաստաթղթում, ադրբեջանական զորքի՝ մեր երկրի տարածքից դուրս գալու մասին պետք է լինի: Բայց քննարկվում է, որ կա առանձին սահմանազատման գործընթաց, թե դա ի՞նչ ձեւաչափով կլինի, ե՞րբ կլինի, այսինքն ես դժվար եմ պատկերացնում  խաղաղություն կնքել մի երկրի հետ այն ժամանակ, երբ նույն երկրի զորքերն օկուպացրել են քո երկրի սուվերեն տարածքը: Եւ իհարկե, երաշխավորի ինստիտուտի մասին, չկա որեւէ երաշխավոր: Սրանք առնվազն այն հիմնարար սկզբունքներն են, որոնք կարող են հուշել մեզ, որ մենք կարող ենք հողի վրա խաղաղության մասին խոսել, թե չէ թղթի վրա խաղաղություն գրածը քանի գրոշ արժի»,- ասաց պատգամավորը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանելով պատգամավորին, ասաց, որ խաղաղության պայմանագրի առաջնային նպատակը պատերազմի բացառումն է:

«Էն, ինչ-որ դուք նշեցիք խաղաղության պայմանագրի բուն իմաստի հետ ուղիղ կապ կարող է եւ ունենալ եւ չունենալ: Եթե դուք ասում եք՝  ստորագրումից հետո գերիներն անմիջապես չեն վերադառնալու, թող պատերազմ լինի, դա սխալ տրամաբանություն է: Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ ինքնիշխան որեւէ տարածք սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից ես ասել եմ նաեւ, որ ՀՀ-ն ռազմական ճանապարհով իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր չի դնու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով: Երաշխավորի ինստիտուտի մասին խոսելով, ես էսօր ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր, որովհետեւ, բոլոր նրանք, ում անունը մենք դնում ենք երաշխավոր, մենք նրանց համար մանրադրամ ենք,  մեր հարցերը մենք պետք է լուծենք: Մի բան էլ ասեմ, էլի աղմուկ է բարձրանալու, բայց պետք է ասեմ ԱՄՆ-ի նման պետությունը, Վիետնամի պատերազմի ավարտից հետո վերջին գերին երբ ա վերադարձել»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը արձագանքելով ասաց. «Քանի կար, ասում էիք, որ գերիներ մի քանի ամիս էլ կսպասեն, մինչեւ նոյեմբերի 9-ը գերեվարված ՀՀ քաղաքացիներ ունենք, ընդամենը երեկ Ադրբեջանը հայտարարում է, որ բոլորին վերադարձրել է, ո՞ւմ է վերադարձրել, տասնյակ ՀՀ քաղաքացիներ ունենք, որ գտնվում են Բաքվի բանտում: Այսօր Իսրայելը յուրաքանչյուր իր քաղաքցու համար պատրաստ է ցանկացած քայլի: Եթե հարաբերություն ես կարգավորում որևեւէ մեկի հետ, սահմանները շարունակվելու են փակ մնա՞լ, ասում եք Խաղաղության խաչմերուկ, որը ոչ մեկ չի ընդունում, այս պայմաններում առանց ստորագրելու փակ մնաս, թե ստորագրելով փակ մնաս»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ աշխարհում չկա որեւէ դեպք, որ խաղաղության պայմանագրով պատերազմ է կանխվում:

Փաշինյանը արձագանքելով պատգամավորին, ասաց որ սահմանի բացումը խաղաղության արդյունք է, ոչ թե խաղաղության փաթեթի մաս: