Վրաստանը Ռուսաստանի դեմ ցատկահարթակի վերածելու համար հսկայական ռեսուրսներ են ներդրվել, ինչպես Ուկրաինան։ Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Ըստ վերլուծաբանի՝ նման աշխատանք տարվում է նաև Հայաստանի հետ, սակայն մեր դեպքում փորձերը նպատակ ունեն դուրս մղել Ռուսաստանին։ «Բայց քանի որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, դժվար է պատկերացնել հայ-ռուսական պատերազմ։ Իսկ Վրաստանի պարագայում 2008-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ քանի որ կա ընդհանուր սահման, կարելի է բազմաթիվ սադրանքներ իրականացնել։ Այսինքն՝ Վրաստանն ակնհայտորեն կարող է ներքաշվել Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ կոնֆլիկտի մեջ։ Հայաստանի դեպքում առավելագույնը, որ հնարավոր է, դա իր տարածքում Ռուսաստանի Դաշնության դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելն է։ Մասնավորապես, դա կարող է լինել ռուսական բազայի դուրսբերումը, տնտեսական ազդեցության թուլացումը։ Բայց հայկական կողմի այս բոլոր քայլերն ավելի շատ նման են լինելու սեփական ոտքերի վրա կրակելուն»,- նշել է Կիվիրյանը։

Նա հիշեցրեց, որ չնայած վրաց-ռուսական քաղաքական փակ սահմանին, այն բաց է տնտեսության համար, և եթե կա մեծ ցանկություն, ապա փակ սահմանը կարող է վերածվել «թեժի»։

Ինչ վերաբերում է Վրաստանում ընտրական խախտումների մասին պնդումներին, վերլուծաբանը նշեց, որ քաղաքական պնդումների համար ապացույցներ անհրաժեշտ չեն։ «Չմոռանանք, որ ժամանակին Միացյալ Նահանգները «տեսել է» ատոմային ռումբ Իրաքում։ Իրաքը հողին հավասարեցրին, սակայն ռումբը չգտնվեց, և ոչ մեկին դա չի հետաքրքրում»,- հիշեց Կիվիրյանը՝ հավելելով, որ Վրաստանում ընտրությունների ժամանակ համակարգված խախտումների ապացույցներ չկան։