Ինձ համար էլ է կարևոր և հարցական, թե ինչու տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ոստիկանության կողմից «Զարյա 3» կիրառելուն։
Հարցին՝ ինչո՞ւ որևէ ոստիկան չի անցնում քրեական վարույթով, Անահիտ Մանասյանն ասաց․ «Ես պահանջել եմ, որ հասարակության բոլոր սուբյեկտները, ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն պետք է կրեն իրենց ոչ իրավաչափ գործողությունների համար։ Ինձ համար էլ է կարևոր և հարցական, թե ինչու տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ»։
Մանասյանը գրություն է ուղարկել իրավապահներին, ստացել պատասխաններ, սակայն չի կարող հրապարակել․
«Ինձ գրության տեղեկատվությունը փոխանցվել է, քանի որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել ՄԻՊ-ին։ Այս առումով իմ հիմնական մտահոգությունը, որը ես հաղորդակցել են թե ՆԳՆ-ին, թե քննչական մարմնին, այն է, որ կարծում եմ՝ այս տեղեկատվությունը հանրային հնչեղություն է ձեռք բերվել, հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր և առաջնահերթ է, որպեսզի հասանելի դառնա նաև հանրությանը։ Այս տեսանկյունից հիմնական խնդիրը, որը ինձ հաղորդակցվել է, եղել է նախաքննական գաղտնիքի հետ կապված, ես դարձյալ պնդել եմ իմ տեսակետը նախաքննական գաղտնիքի մասով ևս, խնդրելով քննարկել այն հարցը, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի դառնա թե՛ հանրությանը, թե՛ լրագրողներին։ Բացահայտումներ կան, որ ես իմ գործիքակազմով պարզապես չեմ կարող իրականացնել։ Ինձ քննչական մարմինները տեղեկացրել են, որ իրենք այս պահին համապարփակ քննություն են իրականացնում, բայց հետևողական ենք հարցի հետ կապված, անընդհատ ենք իրենց հետ հաղորդակցումը վարում և ուրախ կլինեմ, որ միասին քննարկման առարկա դարձնել»։
Հարցին՝ պատասխաններն արդյո՞ք փարատել է իր մտահոգությունները, Մանասյանն ասաց․ «Քանի որ չկան ավարտված վարույթներ, մի փոքր բարդ է խոսելը»։











