Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին, հարակից ժայռի քարաթափումները շարունակվում են: Աստիճանաբար ներքեւ թափվող ժայռաբեկորների քաշը մոտ 300 կիլոգրամ է:
Նշենք, որ այս ճանապարհահատվածով է անցնում նաեւ Մ-6 միջպետական ճանապարհի մի մասը:
Ժայռաբեկորները ճանապարհից մոտ 135 մետր բարձրության վրա են գտնվում: Վերջին օրերին առավել հաճախակի են դարձել քարաթափումները: Տեղի բնակիչները նշում են, որ միշտ առկա է եղել քարաթափման վտանգը, որը սկսվել է դեռեւս 80-ական թվականներին ու հիմա անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանն ասաց, որ հարցը բազմիցս բարձրացվել է, դրվել է լուրջ ուսումնասիրման ու քննարկման, այժմ իրավիճակն համեմատաբար հանգիստ է: «Խնդիրը տրանսպորտի նախարարության ենթակայության տակ է, նրանց կողմից հայտնվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որի մասնագետների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենավերեւում կան կախված ու վտանգավոր ժայռաբեկորներ»,-ասաց նա:
Տեղում մասնագետների ուսումնասիրություններից հետո կազմվել է եզրակացություն, համաձայն որի, անհրաժեշտ է պայթեցման եղանակով դադարեցնել քարաթափումը, սակայն դժվարությունն այն է, որ հնարավոր չէ հստակ որոշել, թե ինչ քանակությամբ հողազանգված կթափվի ներքեւ:
Հավելենք նաեւ, որ Դսեղ գյուղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քարազանգվածը 300 մետր խորություն ունի:
Նախնական տվյալների համաձայն, ցած թափված ապարի զանգվածը մոտ 1000 տոննա կարող է կազմել:
Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը նաեւ փոխանցեց, որ այս հարցով ամբողջությամբ զբաղվում է «ՀայԱվտոՃան» ՊՈԱԿ-ը, որի տնօրեն Հենրիկ Քոչինյանը հայտնել էր, որ հնարավոր չէ կանխատեսել հողազանգվածի չափը, բայց եթե այն մեծ լինի սպասվածից, ապա հնարավոր է, որ մոտ 10 օրով փակվի ճանապարհը, մինչեւ կկատարվեն մաքրման աշխատանքներ, սակայն շրջանցիկ, փոխարինող ճանապարհը եւս նորոգման կարիք ունի:











