Բազմաթիվ անգամներ ասել էինք որ պատրաստում ենք դատի տալ, նաև հայտարարել էինք որ դատի ենք տվել. մի անգամ հետ էր վերադարձրել դատարանը երկրորդ անգամ որոշակի փոփոխությունից հետո ընդունել է վարույթ: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը, պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ ԱԳ նախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
«Այն պահից երբ ադրբեջանական մամուլը ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել որ ռեւանշիստները, այսինքն մենք հասանելիություն ունենք գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասաց՝ ես արգելելու եմ, որ դուք այդ փաստաթղթերին տեղեկանաք։ Հիմնավորումը զավեշտ էր, ասաց՝ մի բան տեսնում եք, ուրիշ բան տեղեկացնում ենք:
Հիմա, եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով, թող հրապարակեն այն, ինչը, ըստ իրենց, մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես հիմա ես առնվազն քրեական հետապնդման ենթարկվելիս կլինեի, ոչ մի բան չենք խախտել, որևէ արտահոսք չենք արել: Տվել են քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որ աշխարհում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է Հայաստանի ստրկացման, Հայաստանին անկախությունից, ազատությունից զրկելուն և սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-ասաց նա:
Խաչատրյանի խոսքով, երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողը ինքն է:
Նա մտավախություն հայտնեց, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերի թիվը գնալով ավելանալու է: Խաչատրյանը հիշեցրեց Ադրբեջանից հնչող պահանջները՝ Սահմանադրությունը հանրաքվեով փոխելու, Հայաստանի ապառազմականացման, ԵՄ դիտորդներին Հայաստանից հանելու մասին:
Դիտարկմանը, որ այս հայցով իրենք ապավինում եք դատական իշխանության անկախությանը, և հույս ունեք, որ այն ավելի ինքնուրույն կգտնվի և կբավարարի իրենց հայցը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ուզում եք ասել՝ դուք անհույս ռոմանտիկ եք, թե՞ չէ։ Մենք ամեն դեպքում հույս ունենք, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք կառաջնորդվեն օրենքով, այլ ոչ թե գիշերային SMS-ներով։ Պարոն Խաչատրյան, և ևս մի հարց Որովհետև գիշերային SMS-ներով առաջնորդող դատավորների ղեկավարը հիմա որտե՞ղ է: Երեւի տանը նարդի է խաղում»:











