Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ. այս հարցն ունի շատ կարևոր շերտեր ու նրբություններ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Սա հիմնավոր տպավորությունների արգասիքն է:

Ընդհանուր առմամբ այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին հետևյալն է. որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք։

Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից ինչքան է դա ձևակերպված եղել և ինչքան ձևակերպված չի եղել։ Եվ մեծ միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է:

Պետք է նաև արձանագրեմ, որ համոզված չեմ,  որ առնվազն սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է: Իմ մտորումները հանգեցնում են նրան, որ ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:

Ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից՝ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ -բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ: Մենք ուզում ենք ուժեղ բանակ, բայց ուզում եմ հարց տանք մեզ՝ մենք ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ ենք ուզում ունենալ»,-ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց. «Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ մենք կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ։ Իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, չորս կամ հինգ երկրի հետ է մեր խնդիրը: իսկ եթե պարզվի՝ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումից ինչքան ուժեղ բանակ պետք է ունենանք։

Ես չեմ ուզում մենք փակողի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել։ Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն բացառապես սեփական շահերին համապատասխան։

Այսինքն, պետությունը ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Իսկ որո՞նք են այդ շահերը: Այդ շահը տնտեսական զարգացումն է»:

Նրա խոսքով, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որը ինքն իրեն հռչակում է, ինքը իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:

Փաշինյանի ներկայացմամբ, պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. «Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ, տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը»: