Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մոտենում է ավարտին, և ներկայումս մենք որոշում ենք կայացնում հաջորդ ատոմակայանի մասին, և այս առումով մենք բանակցում ենք տարբեր գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ և փնտրում ենք լավագույն առաջարկը, որպեսզի տանք նոր ատոմակայանի շինարարության մեկնարկը։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ Հայաստանն ունի լավ հնարավորություններ էներգետիկ ինքնաբավության հասնելու համար։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերցնում էներգետիկայի ապագան Հայաստանում, Փաշինյանը պատասխանել է. «Գիտեք, նոր տեխնոլոգիաների պարագայում Հայաստանը լավ հնարավորություն ունի ինքնաբավ լինելու էներգետիկայի առումով, քանի որ արևային վիթխարի ռեսուրս և արևային արտադրության հզորություններ ունենք։ Դրանք շատ արագորեն զարգանում են։

Հիմա ամենակարևոր թեման մեզ համար այն է, որ կուտակման կարողություններ ձևավորենք, քանի որ մինչ այս պահը մենք չունենք կուտակիչ կարողություններ և հիմա մեզ անհրաժեշտ է մեծ ծավալի կուտակիչ կարողություն։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»։